
Վրաստանում անհայտ անձինք հարձակվել են TV Pirveli հեռուստաընկերության լրագրողների վրա
Վրաստանում դեկտեմբերի 7-ին հարձակվել են TV Pirveli-ի լրագրող Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեցիրուլիի վրա և ներխուժել ընդդիմադիր «Փոփոխության կոալիցիա» քաղաքական դաշինքի գրասենյակ՝ ծեծելով երկու անդամների՝ Կոբա Խաբազին և Դատա Պետրիդիսին:
Հարձակումները տեղի են ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, երբ բողոքի ցույց էր ընթանում Ռուսթավելի պողոտայում։
«Pirveli» հեռուստաընկերության ուղիղ եթերում երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք հարձակվում հեռուստաալիքի անձնակազմի վրա, որը ժամանել է Բեսիկի փողոց՝ տեղեկություն ստանալուն նպատակով: Կադրերում երևում է, թե ինչպես են Մակա Չիխլաձեին հարձակվում թիկունքից և գցում գետնին։ Հանցագործները օպերատորից խլել են տեսախցիկը, լրագրողից՝ խոսափողը։ Իրերը չեն վերադարձվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Մինչդեռ ականատեսները պատմել են, որ մոտակայքում գտնվող պարեկային ոստիկանությունը բռնության հարձակմանը չի արձագանքել։
Լրագրողների վրա հարձակումից հետո դիմակավոր անձինք ներխուժել են «Փոփոխության կոալիցիայի» գրասենյակ։ Առնվազն 20 ավազակներ ծեծի են ենթարկել միջանցքում գտնվող կոալիցիայի երկու անդամներին։
Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել հարձակման փաստով, սակայն հարձակումից մի քանի ժամ անց հանցագործության վայրում ոստիկաններ կամ ՀՔԾ աշխատակիցներ չեն երևացել։