ՀայաստանՍոցիալական

Երևանում մարդիկ ամենաշատ բնակարաններ գնել են Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում

2024 թվականի առաջին կիսամյակում Երևանի նորակառույց շենքերի բնակարանների առքուվաճառքի ամենաշատ գործարքներն իրականացվել են Մալաթիա-Սեբաստիա (804), Արաբկիր (705) և Շենգավիթ (417) վարչական շրջաններում։

Քաղաքի այլ տարածքներում միասին իրականացվել է 626 գործարք։

Բացի այդ, կառուցվող բարձրահարկ շենքերում վաճառվել է 3418 բնակարան, որոնցից ամենաշատը Նոր-Նորք (708), Աջափնյակ (506) և Մալաթիա-Սեբաստիա (424) վարչական շրջաններում։

Ամենաթանկ բնակարանները եղել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում. գները տատանվել են 560 հազար (1,4 հազար դոլար) մինչև 2,78 միլիոն դրամ (7,2 հազար դոլար) մեկ քառակուսի մետրի համար, Արաբկիրում՝ 480 հազարից (1,2 հազար դոլար) մինչև 1,1 միլիոն դրամ (2,8 հազար դոլար), Դավթաշենում՝ 420-ից 750 հազար դրամ ($1,1-ից $1,9 հազար)։

Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբեր ամիսների շինարարության ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 15,9%-ով։ Այս ընթացքում իրականացվել է 406 մլրդ 37 միլիոն դրամի շինարարություն։ Վերջին տարիներին աճել է նաև սեփական տների շինարարությունը։ Հունվար-օգոստոս ամիսների վիճակագրության համաձայն՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70,2 տոկոսով՝ կազմելով 82 մլրդ 505 մլն դրամ։