ՀայաստանՔաղաքականություն

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Հակակառուպցիոն դատարանը դեկտեմբերի 10-ին հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի «Ազգային հերոս» Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Նա անազատության մեջ կանցկացնի 4․5 տարի՝ քանի որ 6 ամիս գտնվել է կալանքի տակ։

Փիլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Հրապարակված տվյալներից տեսնում ենք, որ նա տարբեր մարդկանցից կաշառք է ստացել՝ նրանց ինչ-որ պաշտոններում աշխատանքի ընդունելու համար։ Մի դեպքում՝ Անդրանիկ Փիլոյանը որպես կաշառք բաքսի ջեռուցման համակարգ է ստացել, մյուս դեպքերում՝ գումար։ Բացի ազատազրկումից՝ նա պարտավորվել է նաև վճարել 1 միլիոն 300 հազար դրամ տուգանք և 3 տարով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել նաև Վիգեն Գրիգորյանը (8 տարի ազատազրկում), Փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետ Վիգեն Մկրտչյանը (2 տարի ազատազրկում, 300 հազար դրամ տուգանք), Հրաչյա Երեմյանը (500 հազար դրամ տուգանք), Աշոտ Հակոբյանը (տուգանք 1 միլիոն), Արտակ Բերբությանը (1 տարի ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել)։ Արա Յաղջյանը արդարացվել է։

Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է մարտի 30-ին։ 2020 թվականի պատերազմի ժամանակ նա մասնակցել է Արցախի հարավային ուղղության ռազմական գործողություններին։ Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը Անդրանիկ Փիլոյանին շնորհել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչում։