
Հաստատվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի հանրաքվեի նախաձեռնության ստորագրությունների վավերականությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ին հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության կողմից ներկայացված ստորագրությունների վավերականությունը։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 50,000 վավեր ստորագրություն։ Ըստ այդմ՝ 52351 ստորագրություն համապատասխանել է պահանջին։
ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները, — նշված է հաղորդագրության մեջ։
Հաջորդիվ արդեն նախաձեռնող խումբը հնարավորություն է ստանում հանրաքվեի անցկացման հարցով օրենսդրական նախագիծ ներկայացնել Ազգային ժողով։ Եթե պատգամավորների իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա պետք կլինի հավաքել 300 հազար ստորագրություն։ Այդ դեպքում արդեն հանրաքվեն պարտադիր կդառնա նույնիսկ առանց Ազգային ժողովի հավանության։
Ստորագրահավաքը մեկնարկել էր սեպտեմբերի 16-ին և տևել մինչև նոյեմբերի 14-ը։ Նախաձեռնող խմբի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն է։