
Վիճահարույց կանգառը Օհանովի փողոցում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում արդեն մոտ մեկ ամիս է, ինչ տեղադրվել է կանգառի նշան, որը քաղաքացիների և վարորդների շրջանում դարձել է թյուրիմացությունների և բախումների պատճառ։ Վարորդները հաճախ չեն կանգնում այդտեղ՝ պատճառաբանելով, որ կանգառը պաշտոնական չէ, և տեղի բնակիչներն են այն տեղադրել։ Քաղաքացիներն էլ ցույց են տալիս կանգառի նշանը և պնդում, որ տրանսպորտային միջոցները պարտավոր են այդ հատվածում կանգառ կատարել։ Այնուամենայնիվ՝ վարորդները չունեն միասնական դիրքորոշում։ Նրանցից ոմանք այդ հատվածում կանգնում են, ոմանք էլ՝ ոչ։
AMNEWS-ի հետ զրույցում քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն լրատվության բաժնից հաստատեցին, որ նշանի տեղադրումը անօրինական է եղել՝ առանց համապատասխան թույլտվության։
Դա ինքնագործունեության հետևանք է։ Բնակիչները սեփական նախաձեռնությամբ են տեղադրել։ Ի դեպ, եթե հայտնաբերվի այդ տեղադրողը, վարչական պատասխանատվության միջոցների կենթարկվի։ Դրանից բառացիորեն 200-250 մետր վերև օրինական կահավորված կանգառ կա, որտեղ էլ տրանսպորտային միջոցները պետք է կանգառ կատարեն։
Սակայն հակասությունը ավելի է խորանում, քանի որ YandexGo ծրագրում տեղադրված քարտեզը, որտեղ երևում են կանգառները և տրանսպորտային միջոցների շարժը, հստակ երևում է, որ այդ հատվածում կանգառ նշված է։
Քարտեզ ծրագրավորները տեսել են նշանը և չեն իմացել, որ այն կարող է ինքնակամ լինել։ Երևի այդտեղից է գալիս թյուրիմացությունը, — նշեցին տրանսպորտի վարչությունից։
Այնուամենայնիվ՝ նշանը այսօր էլ նույն տեղում է։