Մսավաճառների միսը առգրավել են․ ի՞նչ է ասում մսավաճառն ու օրենքը
Երևանի «Գումի» շուկայում լարված իրավիճակ է վաղ առավոտից։ Մսավաճառների գործունեությունը վերահսկելու նպատակով ՍԱՏՄ ներկայացուցիչները եկել են շուկա։ Նրանք առգրավել են մսավաճառների միսը։ Նշում են, որ վաճառքն իրականացվում է նորմերի խախտումներով։
Բախումներ են եղել մսավաճառների ու ոստիկանների միջև։ Շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել։ Եկել են նաև կարմիր բերետավորները։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։
Մսավաճառներից մեկը, ով Վեդի քաղաքից է, պատմեց, որ մորթ իրականացնելու համար իրենց քաղաքում պայմաններ չկան։
Մի ցուլիկ էի մորթել, որ այսօր վաճառեմ, եկան տարան, 4 անչափահաս երեխա ունեմ, հիմա տարել են, որ վառեն, բա ես բանկերին ի՞նչ պատասխանեմ։ Վաղը, որ եկան ինձ տնից հանեցին, ես ի՞նչ պատասխանեմ։
Մսավաճառներից մեկը նշեց, որ առաջին անգամ են նման բան տեսնում, որ վերահսկողություն սահմանեն։ Նրանք դեմ չեն մորթ իրականացնել սպանդանոցներում, բայց նշում են, որ սա նրանց ապրուստի միջոցն է։
Տավարի մսի արժեքը 2000-2500 դրամ է։ Նորմալ որակի տավարը 100 կգ-ից բարձր է կշռում։ Այսինքն, տանում ու ոչնչացնում են 300, 400 կամ 500 հազար դրամ։ Եթե մարդն ապրուստի միջոց չունեցավ, ստիպում են իրենց հանցագործություն անել։
2023 թվականի դեկտեմբերի 6-ից Հայաստանում ուժի մեջ է մտել սպանդանոցային մորթի պարտադիր պահանջն ամրագրող օրենքը, որի համաձայն` արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը այս տարվա ապրիլին նշել էր, որ եթե ՍԱՏՄ ներկայացուցիչները մտնեն իրացման ցանց, և այդտեղ ոչ սպանդանոցային ծագման միս տեսնեն, այն վաճառել թույլ չեն տա և կառգրավվեն։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի տվյալներով` Հայաստանում 101 սպանդանոց կա, որոնցից 2-ը` Շիրակի մարզում։ ՍԱՏՄ-ում վստահ են, որ սպանդանոցների այս քանակը բավարար է հանրապետության ամբողջ պահանջարկը բավարարելու համար։
