ՀայաստանՍոցիալական

Հայաստանում կսկսի գործել մասնավոր մեղադրանքի վարույթը

Դեկտեմբերի 17-ից Հայաստանում սկսելու է գործել մասնավոր մեղադրանքի վարույթը։ Սրա մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Այսուհետ օրենքով սահմանված մի խումբ հանցագործությունների բացահայտմամբ ոչ թե պետությունն է զբաղվելու՝ ի դեմս քննչական մարմինների, այլ մասնավոր անձը՝ ենթադրյալ տուժողը։ Այսինքն՝ քաղաքացին է ապացույցներ հավաքելու, ապա դատարանում փորձելու հիմնավորել իր իրավունքները խախտած անձի մեղքը։

Նման հանցանքների օրինակներից են գողությունը, խարդախությունը, անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին կամ ծանր վնաս հասցնելը և այլն։

2021 թվականին ընդունված և 2022 թվականին ուժի մեջ մտած քրեադատավարական օրենսդրությամբ Հայաստանում ներդրվել է մասնավոր մեղադրանքով վարույթի ինստիտուտը։ Սակայն, անցումային դրույթներով դրա գործարկումը արգելակվել է մինչև համապատասխան դատարանների ստեղծումը կամ դատավորների նշանակումը։ 2022 թվականից մինչ օրս մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա հանցանքները քննվում են հանրային կարգով: