ԱռողջությունՀայաստան

Վարկով հեծանիվներ՝ առողջ ապրելակերպի զարգացման համար․ քննարկվում է նոր նախագիծ

Կառավարությունը քննարկման է դրել «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը։

Նախագծի նպատակն է բուհերում, մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել ֆինանսական հասանելիություն՝ գնելու հեծանիվներ։ Դրանք կնպաստեն առողջ ապրելակերպի զարգացմանը և կնվազեցնեն քաղաքային բնակավայրերում խցանումներին։ Նշվում է, որ սա նաև կնպաստի ֆիզկուլտուրայով զբաղվելու մշակույթի զարգացմանը։

Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին։

Կառավարությունը նախագծի արդյունք կհամարի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելը, ինչպես նաև հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման հնարավորությունների ստեղծումը։

Ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2016 թվականի դրությամբ ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է, համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %։ Այդ իսկ պատճառով սպորտի ոլորտին արվող պետական հատկացումները 2018-ի համեմատ 2023-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում՝ դրա շրջանակներում մասսայական սպորտին ուղղվող հատկացումները աճել են շուրջ 10 անգամ։

Այս տարվա օգոստոսի 30-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ նախարարության ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հեծանիվներ կբաժանվեն։ Որոշման նպատակն այն էր, որ «Վարչապետի գավաթ» մրցույթի շրջանակներում անցկացվի նաև դպրոցականների հեծանվավազք։

Հեծանիվների մատակարարումը և դպրոցներին բաշխումը որոշվել էր անցկացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը սկսվել էր սեպտեմբերի 6-ից, ընդհանուր առմամբ 1644 հեծանիվ տրամադրվել էր բոլոր 10 մարզերի դպրոցներին։ Երկրորդ փուլը մեկնարկել էր հոկտեմբերի 16-ին, և Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներին բաժանվել էր 780 հեծանիվ։

Նախագծի մանրամասները տեղադրված են e-draft-ում։