
5 տարի անց Հայաստանը ծանրամարտից ոսկե մեդալ նվաճեց
2019 թվականից հետո առաջին անգամ ծանրամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ ոսկե մեդալով։ Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում երկամարտի 467 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը, ում համար սա առաջին ոսկե մեդալն է մեծահասակների պայքարում, հայրենիք վերադառնալուց հետո նշել է, որ սա իր լավագույն ցուցանիշը չէր։
Պայքարն ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ չխնայենք, որ միշտ ոսկի բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո, շարունակել ենք մարզվել, ու որքան հնարավոր է՝ առաջնությանը բարձրացրել եմբայց ինչքան որ պետք էր այդ պահին՝ կարողացա բարձրացնել։ Երկար տարիներ այս մեդալը նվաճել է մի մարդ, այժմ ժամանակն էր, որ այն ուրիշը նվաճեր
ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելույթներին նշել է, որ Վարազդատն ապացուցեց՝ այսօր ուժեղագույնն է աշխարհում։ Գիլոյանը մեկնաբանել է նաև հավաքականի ելույթները, քանի որ զրոներն ու վնասվածքները խանգարեցին մարզիկներին նվաճել մեդալներ։
Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր, ու դա էին վկայում զրոներն ու վնասվածքները: Հետո ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու, հատկապես Իրաքի երիտասարդ ներկայացուցչի ռեկորդների տեղատարափը սկսեց մտավախություն առաջացնել, և հետո ԻԻՀ երկու հզոր տղաների մասնակցությունը
Հայաստանի ծանրամարտի հավաքականները վերջին 5 տարիներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից հայրենիք է բերել 57 մեդալ՝ 19 ոսկե, 17 արծաթե և 21 բրոնզե։ 2019 թվականին Հայաստանը աշխարհի առաջնությունում 2 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել։ Աշխարհի չեմպիոններ դարձան Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը։ Նույն տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանը 4 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր հաղթել։
2021 թվականին աշխարհի առաջնությունից հայ ծանրորդները վերադարձան 2 բրոնզե մեդալ, Եվրոպայի առաջնությունից՝ 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
2022 թվականին Հայաստանը աշխարհի առաջնությունում կրկին բավարարվեց 2 բրոնզով։ Մեր ծանրորդները, սակայն, Եվրոպայում 2 ոսկի, 3 արծաթ ու 2 բրոնզ հաղթեցին։
2023 թվականը Հայաստանի համար մեդալաշատ էր։ Չնայած աշխարհի առաջնությունում 1 արծաթին ու 1 բրոնզին՝ Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 4 ոսկի, 4 արծաթ ու 5 բրոնզ նվաճեցին։
Այս տարի ևս Եվրոպայում 4 ոսկե մեդալ նվաճեց Հայաստանը։ Բացի դրանից՝ 3 արծաթ ու 3 բրոնզ։ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։