
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակությունը գործուղվել է Մոսկվա։ Այնտեղ տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։
Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տտրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նիստից առաջ քննարկել են համագործակցության մի շարք հարցեր։ Վաչե Տերտերյանը ընդգծել է միջտարածաշրջանային շփումների հետագա ակտիվացման ու ընդլայնման անհրաժեշտությունը և արձանագրել, որ դեկտեմբերի 19-20-ին կայանալիք նիստի ընթացքում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը:
Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը անցկացվել էր Երևանում։ Հանձնաժողովի համանախագահները նիստի արդյունքների հիման վրա ստորագրել էին արձանագրություն, ինչպես նաև «2023-2025 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների պլանը»:
Նախորդ նիստին նաև ստորագրվել են նաև հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու միջոցառումների շարքի իրականացման շրջանակային պայմանագիրը և հայ-ռուսական գործարար խորհրդի 2024 թվականի աշխատանքի պլանը: