
Աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման
2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն հանձնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրներին, Գյումրիում մարզումային պայմանների բարելավմանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Նախարարը հանդիպման ընթացքում տեղեկացրել է նաև, որ այս տարի սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության կարգում մեծաթիվ փոփոխություններ են կատարվել: Սահմանվել են մի շարք անվանակարգեր, այդ թվում՝ «Հանդիսատեսի համակրանք»։ Դրա քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում:
Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը դարձավ չեմպիոն։ Պոկում վարժությունում Լալայանը երեք մոտեցումն էլ հաջող կատարեց։ Նախ, կարողացավ պոկել 206 կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ 5 կգ-անոց քայլ կատարեց։ Երրորդ մոտեցմամբ Լալայանը գլխավերևում պահեց 215 կգ ծանրաձողն ու նվաճեց փոքր ոսկին։
Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ 246 կգ ծանրաձողը բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ ծանրաձողը չենթարկվեց Լալայանին, սակայն երրորդ մոտեցումով, չնայած հրում վարժության բրոնզե մեդալին, ապահովեց երկամարտի ոսկին։ Երկամարտում 25-ամյա ծանրորդը 467 կգ արդյունք ցույց տվեց։ Լալայանը կարիերայում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց։ Սոֆիայում անցկացված Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում նա ևս կանգնեց պատվո հարթակի վերևում։ Նա աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր է։ Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ևս երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալ է նվաճել։