
Նախատեսվում է խիստ տուգանքներ սահմանել շինարարության մեջ խախտումներ գրանցվելու դեպքում
Կառավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հարապարակել է նախագիծ, որոնք վերաբերում են շինհրապարակներում առկա խնդիրների համապարփակ վերլուծություններին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է փոփոխություններ անել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»։ Ըստ այդմ՝ մի շարք դեպքերում տուգանքների չափը ավելանալու է։
Առանձին կետով ամրագրվել են շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները։ Ըստ նախատեսվող փոփոխությունների` շինարարության ընթացքում փոշու արտանետումների անթույլատրելի չափաքանակների, շինարարական հրապարակներից կեղտաջրերի արտահոսքը, շինարարական աղբը տարածքում չպահեստավորելը, բեռնատարները անթափանց թաղանթով չծածկելը , անվադողերը չլվանալը կարող են տուգանքների պատճառ դառնալ։
Առանձին տուգանքներ են սահմանվում նաև կառուցապատումը սահմանված ժամկետներում չավարտելու, շինարարության ընթացքում հաստատված նախագծերի, փաստաթղթերի խախտումների, փողոցներում մարդկանց և հետիոտների անվտանգության պահպանման խախտումների և շրջակա միջավայրի վրա այլ բացասական ազդեցություն ունենալու դեպքերում։
Սահմանված է նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պահանջները չբավարարող կառուցապատման թույլտվություններ տալու և դրանք իրագործելու դեպքում համայնքի ղեկավարը ու նախագիծը մշակողը կտուգանվեն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությունը թերի է մի շարք բնորոշումներում։ Օրինակ՝ «վերականգնում», «ընդլայնում» և նմանատիպ այլ բառերի բացակայությունը հանգեցնում է իրավական վեճերի։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կասեցնել նմանատիպ խնդիրները։