
Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսի ծախսերը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է փոխհատուցել ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսի ծախսերը։ Դեկտեմբերի 18-ին Հայկ Մարությանը Տիգրան Ավինյանի դեմ բանավեճի ժամանակ հայտնեց, որ քաղաքապետի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20․000 դոլար)։
Սա վերջին շրջանի ամենաքննադատված և ասեմ ավելին` տեղին քննադատված թեմաներից մեկն է։ Վերջերս մեր կատարած ԱՄՆ այցից հետո եմ տեղեկացել, թե անձամբ ինձ համար ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը։ Անկեղծ ասած՝ ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, բայց հետո հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա։ Նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, գուցե կրկնակի կամ եռակի անգամ թանկ գնեինք։ Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել, ինքնուրույն,– նշել է Ավինյանը:
Ավինյանի հետ բանավեճի ժամանակ Մարությանը հայտարարել էր, որ Լոն Անջելես մեկնելու համար տոմսի արժեքը Ավան վարչական շրջանի 9 հարկանի 43 շենքի բնակչի տարվա գույքահարկի չափն է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ է գործուղվել նոյեմբերի 23-30-ը։ Պատվիրակության կազմում եղել է 9 անձ` այդ թվում խորհրդականներից մեկը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը և այլք։