
Բրազիլիայում 10 մարդ է զոհվել ինքնաթիռի ընկնելու հետևանքով
Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ Բրազիլիայում 10 մարդ է զոհվել ինքնաթիռի ընկնելու հետևանքով։ Ինքնաթիռը հարվածել է տան ծխնելույզին, հետո շենքի երկրորդ հարկին, որից հետո էլ բախվել Գրամադուի բնակելի թաղամասում գտնվող բջջային հեռախոսների խանութին: Ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։
Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռը ղեկավարել է բրազիլացի գործարար Լուիս Կլաուդիո Գալեացին, ով ընտանիքի հետ մեկնում էր Սան Պաուլո նահանգ։
LinkedIn-ում հրապարակված հայտարարության մեջ Գալեացիի Galeazzi & Associados ընկերությունը հաստատել է, որ 61-ամյա տղամարդը եղել է ինքնաթիռում՝ հավելելով, որ նա ճանապարհորդում էր կնոջ, նրանց երեք դուստրերի, ընտանիքի մի քանի այլ անդամների և աշխատակցի հետ: