ՀայաստանՏնտեսություն

Քննարկվում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախարար Դավիթ Խուդաթյանն դեկտեմբերի 23-ին այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Սրա մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետների հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։

Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր։

2024 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունը որոշում էր ընդունել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին։ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։

Սանոսյանն այն ժամանակ ասել էր նաև, որ կազմակերպությունը որպես պատվիրատու և հսկող մարմին կիրականացնի ողջ շինարարական պրոցեսը, ապա կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։ Ատոմակայանն արտադրում է Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ամռանը նշել էր, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ: Նա ասել էր, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։