
Շինթույլտվության տուրքերից Երևանի բյուջե 24 մլրդ դրամի մուտք է եղել
Երևան քաղաքի դեկտեմբերի 24-ի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է շինթույլտվությունների մասին։
Քաղաքապետը նշել է, որ շինթույլտվության տուրքերի ավելացումը միայն այս տարի Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել:
Նա հավելել է, որ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքն են վայրի կառուցապատման դեմ։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նոյեմբերի 19-ի նիստում հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավել գումար է հավաքագրել:
Վերջին տարիներին շինթույլտվությունների թվաքանակը բարձրացել է։ 2018 թվականին տրամադրվել է 1788 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 1480 շինարարության թույլտվություն, 532 ավարտական ակտ: 2019 թվականին տրամադրվել է 1853 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 2612 շինարարության թույլտվություն, 497 ավարտական ակտ: 2020 թվականին տրամադրվել է 1600 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 2964 շինարարության թույլտվություն, 374 ավարտական ակտ: 2021 թվականին տրամադրվել է 1863 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 3044 շինարարության թույլտվություն, 529 ավարտական ակտ: 2022 թվականին տրամադրվել է 2173 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 4014 շինարարության թույլտվություն, 591 ավարտական ակտ: 2023 թվականին տրամադրվել է 2023 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) 4448 շինարարության թույլտվություն, 599 ավարտական ակտ:
Ինչպես երեւում է նշված տվյալներից, 2019-2023 թվականների հինգ տարվա շինարարության թույլտվությունների քանակը (17 082) երկուսուկես անգամ գերազանցում է 2014-2018 թվականների հինգ տարվա ցուցանիշներին (6 913):
2024թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է 76 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), 933 շինարարության թույլտվություն, 356 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Նշված ցածր ցուցանիշների պատճառը քաղաքի գլխավոր հատակագծի բացակայությունն էր: Իսկ արդեն 2024թ. հոկտեմբերի ընթացքում տրամադրվել է 152 նախագծման թույլտվություն, 380 շինարարության թույլտվություն, 145 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):