
Պահանջներին չհամապատասխանող մի քանի բենզալցակայններ տուգանվել են շուրջ 270 միլիոն դրամով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է պահանջներին չհամապատասխանող բենզալցակայններին բենզին իրացնելու պատճառով։ Սրա մասին հայտնում են հենց ՄՊՀ-ից։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։
Միաժամանակ հանձնաժողովը նշանակել է 100 266 000 դրամ, 36 774 000 դրամ, 15 019 000 դրամ և 4 461 000 դրամ տուգանք համապատասխանաբար «ՎԻՈԼԵՏԱ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ների նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։
Բացի այդ, 15 019 000 դրամ տուգանք է նշանակվել «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ի նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը և հանձնաժողովի աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար։
Դեկտեմբերի 13-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել էր բենզին ձեռք բերող 4 ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար։ Այնուամենայնիվ, ընկերությունները չեն ընդունել այդ մեղադրանքները և նշել, որ հակամրցակցային համաձայնությունը չի բխում իրենց շահերից, քանի որ իրենք շուկայում մրցակից կազմակերպություններ են։