ՀայաստանՍոցիալական

«Աջափնյակի» մետրոյի կառուցումը կրկին հետաձգվել է

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը կրկին հետաձգվել է։ Այն կսկսվի կառուցվել 2026 թվականից։ Սրա մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարել էր, որ կայարանի կառուցումը նախատեսված է սկսել 2024 թվականին։

Ավինյանը նշել է, թե ինչ քայլեր են արվել այս ընթացքում։ Նշում է, որ ներկայում արվել է նախագծի պարզ փորձաքննությունը, ՇՄԱԳ–ը, համալիր փորձաքննության ընթացքում են, Եվրասիական հիմնադրամի հետ բանակցությունները գործնական փուլում են։ Հաջորդ տարի նախատեսում են ունենալ համալիր փորձաքննությունների արդյունքները, տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, առաջին եռամսյակում էլ ունենալ կառավարության ներդրումային կոմիտեի դրական եզրակացությունը, իսկ տարվա վերջին էլ ունենալ փաստացի շինարար–կառուցապատող, որը պետք է արդեն սկսի աշխատել։

2022 թվականի մարտից մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մասին սկսել են խոսել։ Նույն տարվա հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թվականին մեկնարկելու է կայարանի շինարարությունը։ Այդ ժամանակ կառավարությունը 11 մլրդ դրամ էր հատկացրել նախագծային աշխատանքների համար։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման համար բանակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ: