
Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհի հետևանքով 3 անձ է տուժել, մեկը՝ հայ, երկուսը՝ իրանցի
Արդեն տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի հետևանքով 3 տուժածների ինքնությունը հայտնի է, նրանցից երկուսն ազգությամբ իրանցիներ են։
Պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել։ Այդ ընթացքում Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ խախտել է հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, ինչի հետևանքով զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են և հրդեհ է բռնկվել։ Պայթյունի և հրդեհի հետևանքով Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներ են ստացել։
Բոլոր տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածներից երկուսի վիճակը միջին ծանրության է, իսկ մեկինը՝ բավարար։ Այդ պահի դրությամբ նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը բժիշկների հսկողության տակ են։