ՀայաստանՔաղաքականություն

Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

Ազգային հերոս, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց։ Սրա մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ գրել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։

Խաչատրյանի պաշտպանը նշել է, որ այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ), դրանից բացի, այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում։

Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ամիսներ անց՝ 2021 թվականի փետրվարին նա հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Խաչատրյանը հեռացվելու պատճառը Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարությունն էր։ Մասնավորապես, վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Տիրան Խաչատրյանին հարցրել էին, թե արդյո՞ք կարող է այդ զինատեսակը 10 տոկոսով պայթել, նա պատասխանել էր․ «իհարկե հնարավոր չէ… Ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»։

Գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի գործով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, որը կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։