ԱրցախՍոցիալական

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Արցախից տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի միանվագ նպատակային դրամական աջակցություն։ Այն շահառուներին փոխանցվելու է էլեկտրոնային վճարային համակարգի՝ e-քարտերի միջոցով։ Դրանց առաջին խումբը կգործեն 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով։

2024-2025 թվականների ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքների, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխա ունեցողներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։ Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։

Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):