ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը կանդամակցի Մշտական արբիտրաժային դատարանին

Հայաստանը կանդամակցի Մշտական արբիտրաժային դատարանին: 1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:  

Կիրակոսյանը նշել է, որ կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը նաև դառնում է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ պետություն և դրանով իսկ հնարավորություն է ստանում ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ։

Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում են 124 երկիրը։ Հանձնաժողովը հավանություն տվեց կոնվենցիաների վավերացմանը: Վավերացման մասին նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել։ Հաագայի դատարանը, որ արդեն երեք տարի է՝ քննում է Երևանի ու Բաքվի հակընդդեմ հայցերը, նոյեմբերի 12-ին հրապարակեց նախնական վճիռները՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած բոլոր առարկությունները։ 

Բաքուն 2024 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան։ Բաքուն նշել է, թե «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի 30 տարիների ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին մուտք գործել կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները՝ այդ ռեսուրսներն օգտագործելով իր օգտին»։