
Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները կան․ 2025-ին կշահագործվի՞ հանքը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ունի Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական որևէ փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու:
Նա հավելել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) թույլտվության մասով Ամուլսարի հանքը երկու փորձաքննություն է անցել:
Նախարարը նշել է, որ ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են, կան գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման կամ չեզոքացման հարցում: Չնայած շահագործման թույլտվությանը՝ եթե խախտումներ արձանագրվեն, կառավարությունը կոնկրետ միջոցներ կձեռնարկի:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ֆինանսավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ, քանի որ Եվրասիական զարգացման բանկը հանքը շահագործելու վարկավորման հայտ մերժել էր։ Նա հույս ունի, որ 2025 թվականին հնարավոր կլինի սկսել հանքի շահագործումը։
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018 թվականից, սակայն բնապահպան ակտիվիստներ թույլ չէին տալիս սկսել հանքի շահագործումը՝ պնդելով, որ դա վնաս կհասցնի մոտակայքում գտնվող բնակավայրերին։ 2018 թվականին քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ: Կառավարությունը 400 հազար դոլար էր հատկացրել «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմին՝ փորձաքննություններ իրականացնելու նպատակով։ 2021 թվականի դեկտեմբերին Ամուլսարի շահագործման թույլտվության գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործը կարճվել էր։