ԱրցախՍոցիալական

Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությունը կշարունակվի որոշակի փոփոխություններով

Արցախից բռնի տեղահանված անձանց համար պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը որոշակի բացառություններով կշարունակվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հունվարից 10 հազար դրամ աջակցության բաղադրիչը դուրս է եկել և միայն 50 հազար դրամ ստացողներն են ընդգրկվել վճարման ցուցակներում։ Խոսքը մոտ 97 հազար շահառուի մասին է։ Ապրիլի 1-ից շահառուների թիվը կլինի մոտ 54 հազարի շրջանակում։

Փոփոխությունները կատարվել են վերլուծությունների արդյունքում, որպեսզի աջակցությունից օգտվեն առանձին խմբի անձինք։ Ըստ այդմ՝ հաշվի են առնվել արդեն գործող բնակարանային ապահովման ծրագիրը Արցախից բռնի տեղահանված անձանց համար, որը արդեն գործում է, հասարակության մեջ նրանց ինտեգրվելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ շուրջ 25 հազար մարդ արդեն աշխատանք է գտել Հայաստանում։

Հարությունյանն ընդգծեց, որ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներն այդ աջակցությունից չեն զրկվելու բնակարան ձեռք բերելու պատճառով։