ԱռողջությունՀայաստան

Կվերանայվեն շտապօգնության բուժանձնակազմի աշխատավարձերը, բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պահանջները կխստացվեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում խոսել է իր գերատեսչության կատարած աշխատանքների և սպասվող աշխատանքների մասին։ Նախարարը խոսել է ջրծաղիկի պատվաստանյութերի, բժշկական կազմակերպությունների լիցենզավորման, նաև այլ թեմաների մասին։

Ըստ նախարարի՝ ջրծաղիկի պատվաստանյութի խմբաքանակը հանձնվել է Հայաստանին, սակայն այն դեռ ընդունված չէ. պատվաստանյութը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու: 

Նախարարը վստահեցնում է, որ փետրվարից արդեն կսկսեն պատվաստանյութերի ներդրման աշխատանքները:

Հաջորդ կարևոր քայլը, ըստ նախարարի, բժշկական կազմակերպությունների լիցենզավորման կանոնների վերանայումն է թե՛ վիրաբուժական, թե՛ ամբուլատոր, թե՛ կոսմետոլոգիական և այլ ծառայությունների մասով: Պահանջները խստացվելու են: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում կոսմետոլոգիական  և պլաստիկ վիրաբուժական ծառայությունները բավական զարգացած են։ Դրանք, ըստ նախարարի, համարվում են բժշկական տուրիզմի կարևոր ճյուղ։ Նախարարությունը այս ճյուղերը առաջնահերթությունների ցանկին է դասում:

Ավանեսյանը խոսեց նաև շտապօգնության բուժանձնակազմի աշխատավարձերի վերանայման մասին։ 2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն սպասարկվում էր Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարի շտապօգնության միասնական ծառայությունը կընդգրկի ամբողջ հանրապետությունը: