
Australian Open. Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում, Էլինա Ավանեսյանը լքեց պայքարը
2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 19-րդ ռակետ, հայ թենիսիտ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը։
Առաջին շրջանում Կարենը հաղթեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։ Նա զբաղեցնում է 75-րդ տեղը վարկանիշում։ Խաչանովը առաջին սեթում կարողացավ դժվարին հաղթանակ տոնել՝ թայ-բրեյքում հաղթելով 7։6 հաշվով։ Հաջորդ երկու սեթում Խաչանովը 6։3 հաշվով առավելության հասավ ու պայքարը կշարունակի երկրորդ մրցափուլում։ Հանդիպումը տևել է 2 ժամ 20 րոպե։
Հաջորդ տուրում Խաչանովը կհանդիպի Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյի հետ։ Նա զբաղեցնում է 89-րդ տեղը վարկանիշում։
Կանանց պայքարում հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով դասակարգման աղյուսակում առաջադիմել էր 3 հորիզոնականով (41-րդն է այս պահին), մրցաշարի մեկնարկում զիջեց աշխարհի 23-րդ ռակետ, ղազախ թենիսիստուհի Յուլիա Պուտինցևային:
Հանդիպումը տևել է 2 ժամ 9 րոպե և ավարտվել 4:6, 7:5, 6:2 հաշվով։