
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2024 թվականին շուրջ 182 մլն դրամի չափով տուգանել է տնտեսվարողներին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է 2024 թվականին իրականացրած վերահսկողական աշխատանքներին։ Նա նշել է, որ վերահսկողական աշխատանքներ են իրականցրել շուրջ 4000 տնտեսվարողի մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ են արձանագրվել։
Նախորդ ամբողջ տարվա ընթացքում տեսչական մարմնի կողմից տնտեսվարողները տուգանվել են 182 մլն դրամի չափով։ Շուրջ 121 մլն դրամ վճարվել է։ Տեսչական մարմինն իր վերահսկողության շրջանակներում կայացրել է նաև 130 տնտեսվարողի գործունեությունը կասեցնելու մասին որոշում։ 64 տնտեսվարող խախտումները վերացրել է և իրավունք է տրվել գործունեությունը վերսկսել։
Սննդի անվտանգությանն առնչվող ուղղություններում խախտումներին՝ Դանիելյանը խոսեց սպանդանոցային ծագմանմ մսի իրացման գործընթացի մասին՝ նշելով, որ այդ ոլորտը ուշադրության կենտրոնում է։ 2024 թվականի տարվա վերջի տվյալներով կար 139 սպանդանոց։ 2022 թվականին եղել է 99։ Վիճակագրությունից երևում է, որ գնալով ավելանում է սպանդանոցների թիվը։ Սակայն, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, AMNEWS-ը անդրադարձել էր Հայաստանում սպանդանոցների քանակին ու դրանց բաշխվածխությանը՝ ըստ մարզերի ու քաղաքի։
Տեսչական մարմինը 2025 թվականին խստացված վերահսկողություն է իրականացնելու հանրային սննդի փոքր կետերում, ուշադրություն է դարձվելու հացի արտադրությանն ու հացի վաճառքին։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մանկապարտեզներին, դպրոցներին, տարեցների խնամքի կենտրոններին և այլն։