
Երևանում կբացվի սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի թանգարանը
Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կհիմնվի Գրականության և արվեստի թանգարանի նոր մասնաճյուղ, որը նվիրված կլինի սփյուռքահայ նշանավոր նկարիչ, գորգանկարիչ և հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախաձեռնությունն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև կնքված մշակութային համագործակցության հուշագրի շրջանակում։ Ըստ հուշագրի՝ կողմերը համատեղ կաշխատեն հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների մշտական ցուցադրության կազմակերպման վրա՝ նշանավորելով նրա ծննդյան 100-ամյակը։ Նախատեսվում է նաև կազմակերպել արվեստագետի կյանքին և գործունեությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսներ ու միջոցառումներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ թանգարանի ստեղծումը լավագույն քայլն է մեծարելու Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունը։ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքում կիրականացվեն անհրաժեշտ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։ Նա վստահեցրել է, որ «թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»։