
Հայաստանի օրհներգի չհաստատված տարբերակը երկրորդ անգամ կատարել են Ազգային ժողովում
Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը մեկնարկեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո՝ կենդանի կատարմամբ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն էր ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Օրհներգի տեքստում կփոխվեն քառատողերի տեղերը: Առաջարկվել էր նաև «որ ապրել ես դարեդար» բառակապակցությունը փոխարինել «որ ապրում ես դարեդար» տողերով։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը անդրադարձել է ԱԺ-ում կենդանի կատարմամբ օրհներգի նոր տարբերակը երգելուն՝ նշելով, որ Հայաստանում գործում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը։ Նա հավելել է, որ պարտավոր են այդ օրենքը հարգել, և որևէ մեկն իր ճաշակի սիրույն չի կարող որևէ օրենք խախտել։
Օրհներգը երկրորդ անգամ է հնչել նոր տարբերակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ հետևել է օրհներգի կատարման ընթացքում հանդիպվող խնդիրներին, այդ թվում՝ տեմպի, տևողության և տեխնիկական որակի հետ կապված։ Նա հանձնարարել է, որ իր ներկայությամբ միջոցառումների ժամանակ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ՝ որոշակի որակի չափանիշներին համապատասխան։