ՀայաստանՌազմական

Աշխարհազորը կարող է փոխարինվել տեղական պաշտպանության ուժերով

Հայաստանում նախատեսվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սրա մասին Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Փոփոխությամբ սահմանվում են պաշտպանության ուժերի խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Սարգսյանը նշեց, որ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, և դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։

Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով կամավորության սկզբունքով՝ անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով։ Սակայն, այն չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր: 

Սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծամասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին: