ԿրթությունՀայաստան

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների համար ֆինանսավորումը միասնական տարբերակով կլինի

Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ի նիստում քննարկեց և ընդունեց առանձին լիազորող նորմով սահմանել արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և նկարագիրը։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փաստեց, որ սա թույլ կտա հասկանալ ծառայությունների տրամադրման ստանդարտը։ Ըստ նախարարի՝ որակական միևնույն չափանիշները պետք է սահմանել բոլոր հաստատությունների համար։

Անդրեասյանը հավելեց, որ այդ լիազորությունը պետք է վերապահել կրթության ոլորտի լիազոր մարմնին, որպեսզի նախարարությունը կարողանա վերահսկել այն բովանդակությունը, որն իրականացնում են արտադպրոցական հաստատությունները։

Նախագծով հստակեցվում են ֆինանսավորման ընթացակարգերը։ Հիմնական պատճառն այն է, որ արտադպրոցական հաստատությունները տարբեր ծրագրերի շրջանակներում պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում, ինչը սակայն, որևէ հստակ կանոնակարգ չունի։

ԿԳՄՍ նախարարը կարևոր համարեց նաև արտադպրոցական հաստատություններում ընդունելության, ավարտական քննությունների անցկացման, ինչպես նաև ուսումնական պլանների հաստատման ընթացակարգերի մասով միասնական մոտեցումը։