
Հանցավոր կազմակերպությունը ավելի քան 810 միլիոն դրամ է հափշտակել
Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել գովազդների և այլն խարդախությունների միջոցով նրանց հաջողվել է շուրջ 1400 քաղաքացիներից հափշտակել ավելի քան 810 միլիոն դրամ։ Հանցավոր կազմակերպության անդամները կապ են հաստատել հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ, ներկայացել որպես արհեստական բանականությամբ զբաղվող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ և համակարգչային հափշտակություններ իրականացրել։
Իրենց ինքնությունը ծածկելու համար խմբավորման անդամները անընդհատ փոխել են իրենց գործունեության հասցեները, անունները, բանկային հաշվեհամարները, աշխատակիցներին տվել կեղծանունները, կիրառել էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման աշխատանքներ և այլն։
Հանցավոր կազմակերպության երկու ղեկավարները և 16 այլ անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, համակարգչային հափշտակություն և փողերի լվացում իրականացնելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մասերով։