
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամություն չի տեսնում հարևաններից խաղաղության պայմանագրի կնքման շուրջ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, նշեց, որ եթե անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորվի, շատ կարճ ժամանակ կպահանջվի՝ խաղաղության պայմանագրի գործընթացն իրականացնելու համար:
Արարատ Միրզոյանը, խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ իրականացվող աշխատանքների մասին, ասաց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ ունենալու համար երկար ու տքնաջան աշխատանք է կատարել։
«Այս պահին մենք ունենք 15 համաձայնեցված հոդված՝ քննարկվող 17-ից: Մի կողմից կարող ենք ասել, որ գործի մեծ մասն արված է, մեզ մնում է 2 հոդված համաձայնեցնել, մյուս կողմից, իհարկե, այս հոդվածների համաձայնեցումը կարող է դեռ տևական ժամանակ տևել: Լուծումը մեկն է՝ անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորում երկու երկրների կողմից: Անհրաժեշտ քաղաքական կամքի պարագայում, ես կարող եմ վստահեցնել, որ մեզնից շատ կարճ ժամանակ կպահանջվի՝ տեքստն ամբողջացնելու», — ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանի կողմից քաղաքական կամքը կա, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է պատրաստակամություն՝ ամբողջացնելու պայմանագրի տեքստն ու ստորագրելու այն:
Չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ Միրզոյանը նկատեց, որ նույն կառուցողական մոտեցումը և պատրաստակամությունը չեն տեսնում հարևաններից: Սակայն, ըստ Միրզոյանի, այդ դժվարությունները չեն կարող իրենց հիասթափեցնել։
Նշենք, որ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների խոսնակները և փոխխոսնակները Հայաստան են այցելել «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդենը և ձևաչափում ներգրավված մյուս երկրների ներկայացուցիչները։