ԱշխարհՔաղաքականություն

Բելառուսում նախագահական ընտրություններ են

Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Թեկնածուների շարքում են 6 անգամ վերընտրված և ավելի քան 30 տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը և գործարար Աննա Կանոպացկայան։ Նրանք բոլորը, բացի Կանոպացկայայից, հավատարիմ են Լուկաշենկոյի քաղաքականությանը։ Նա արդեն մասնակցել էր 2020 թվականի նախորդ ընտրություններին և ստացել ձայների 1,68%-ը։ Քվեաթերթիկներում կա նաև «Բոլորին դեմ» տարբերակը։

Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից մինչև այժմ։ Վերջին անգամ երկրում ընտրություններ են եղել 2020 թվականին։ Դրան հաջորդեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք տևեցին մի քանի ամիս։ Ցուցարարները պահանջում էին արդար ընտրություններ և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը՝ մեղադրելով նրան ընտրությունների կեղծման մեջ։ Ցույցերը ուղեկցվեցին զանգվածային ձերբակալություններով և բռնություններով։

Բելառուսի սահմաններից դուրս ընտրատեղամասերը չեն բացվի, ինչը իշխանությունները բացատրել են անվտանգության ապահովման դժվարություններով և դիվանագիտական կորպուսի կրճատմամբ՝ 2020 թվականի ընտրություններից հետո Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։ Երկրի սահմաններում գործող 5325 ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ից և բաց կլինին մինչև 20։00-ն։ Ընտրացուցակներում ընդգրկված է ավելի քան 6,9 միլիոն քաղաքացի։ Հունվարի 21-25-ը տեղի են ունեցել վաղաժամկետ քվեարկություններ, որին մասնակցել են ընտրողների ընդամենը 41․8 տոկոսը։