ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհեց «Տելսելից», ավտոբուսի վարորդի թափուր հաստիքներն էլ դեռ լրացված չեն

Հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որտեղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհեց գործընկերներից, հատկապես՝ «Տելսելի» կատարած աշխատանքից։ Ավինյանը նաև անդրադարձավ ավոտբուսի վարորդներին՝ նշելով, որ վերապատրաստման դասընթացներ պետք է անցկացնել։

Նիստի ժամանակ քաղաքապետը նշեց, որ վարորդների վերապատրաստման դասընթացները հնարավորություն կտան հավելյալ վարորդների նախապատրաստել։ Նա այս առաջարկով դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենին։

Ավինյանը կարծում է, որ այդ աշխատանքները պետք է սկսել այս շաբաթվանից իրականացնել և միշտ ունենալ հավաքագրված հավելյալ 50-ից 100 անձ, որոնք պոտենցիալ կարող են հաջորդ շաբաթվանից կամ վաղվանից անցնել աշխատանքի:

Ավինյանը քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստի ժամանակ դժգոհել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նոր վարորդների աշխատանքի ընդունելու տեմպերից։ Քաղաքապետը նշել էր, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար հոգի կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հունվարի 27-ի նիստին հայտարարեց, որ ընկերությունում դեռ կա վարորդի 44 թափուր հաստիք։

Ավինյանը հետաքրքրվեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից, թե ինչու է ուշանում «Տելսելի» համակարգը։ Փոխքաղաքապետը նշեց, որ ընկերությունից վստահեցրել են՝ այսօր բջջային հավելվածում հասանելի կլինի տոմսերի վաճառքը։