
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Երևանի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել։ Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած։
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ որը վնասել է հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները և կոտրել ապակիները։
Մինչ փրկարարների ժամանելն ու միջամտությունը՝ ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ընդհանուր առմամբ՝ նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ իրավիճակներով պայմանավորված տուժել է 111, զոհվել՝ 6-ը: Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 127 հրդեհ։