
Պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար դոլար
Հակակոռուպցիոն դատարանի վճռով որոշվել է Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքերը՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Նա մեղադրվում է հայ-ռուս-իրանական մոտ 10 միլիոն եվրոյի փողերի լվացման մեջ։ Ըստ դատական ակտի, բռնագանձվում է Երևան քաղաքիԿենտրոն վարչական շրջանում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար դոլար), ինչպես նաև գումար՝ 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար դոլար) և 50 հազար եվրո։
Նույն գործով անցնում են նաև Սուրեն Գաբրիելյանի կինը և դուստրը։ Եվս մեկ մասնակից՝ Հայբիզնեսբանկի նախկին տնօրեն Արա Կիրակոսյանը, դատապարտվել է 13 տարի ազատազրկման՝ փողերի լվացման համար։
Սուրեն Գաբրիելյանը նախկինում զբաղեցրել է Կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի պետի պաշտոնը։ Նա չի ընդունել իր դեմ հնչող մեղադրանքները և այդ պատճառով էլ 2014 թվականին փախել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից։ Նա նշել է, որ Իրանում նիկել է վաճառել, որը բերել է Շվեյցարիայից։ Հենց այդտեղից էլ ինքը ստացել է իր եկամուտները։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Սուրեն Գաբրիելյանից պատկանող գույքների առնչությամբ ուսումնասիրությունը սկսել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա հանդեպ հետախուզում էր սկսվել, սակայն փաստաբանը նշում էր, որ Գաբրիելյանը մահացել է Շվեյցարիայում։