
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ
Հունվարի 27-ին Դամասկոսում արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նոր կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով տարբեր ոլորտներում գործընկերության կարևորությունը։
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում հումանիտար ծրագրերին, բարեփոխումներին և առաջնահերթություն համարվող այլ նախաձեռնություններին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը:
Սիրիայում իր գործունեությունն է ծավալում հայ համայնքը։ Մինչև 2011 թվականը Սիրիայում բնակվում էր մոտ 100,000 հայ, սակայն ներկայումս այդ թիվը զգալիորեն նվազել է։ Ըստ 2024 թվականի դեկտեմբերի տվյալների՝ Հալեպում հայերի թիվը գնահատվում է 10,000-12,000։
Սիրիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականին։ Վերջին տասը տարիների ընթացքում սա երկրորդ այցն է Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Վերջին անգամ՝ 2023 թվականին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է մեկնել Սիրիա՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժած քաղաքացիներին հումանիտար օգնություն հասցնելու համար։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ Հայաստանը Սիրիայից հիմնականում ներմուծում է բանջարեղեն, սերմեր, դեղամիջոցներ, պայուսակներ, ճամպրուկներ, կենցաղային ապրանքներ, սարքավորումներ և այլն։
Հայաստանը Սիրիա է արտահանում ոգելից ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, սարքավորումներ և վառարաններ։