ՀայաստանՍոցիալական

Նախաթռիչքային անվտանգության ստուգումները նախատեսվում է ավելի խստացված դարձնել

Կառավարությունը e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում առաջարկում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

Նախատեսվում է ավիացիոն անվտանգության վերաբերյալ գիտակցության բարձրացման, ինչպես նաև բարելավված վերահսկողության համակարգեր։ Կստեղծվի նոր կարգ, որի համաձայն դեպի Հայաստան առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունները պետք է մշակեն ու ներդնեն անվտանգության լրացուցիչ ծրագրեր։ 

Պարտադիր մասնագիտական վերապատրաստումներ կանցնեն որակի վերահսկման պատասխանատու անձնակազմը։ Անօրինական միջամտության ցանկացած դեպքի մասին ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին ծանուցման գործընթացը կդառնա առավել կառուցակարգված և արագ։ Օդանավերի նախաթռիչքային անվտանգության ստուգումները կդառնան ավելի խստացված՝ ապահովելով վտանգավոր նյութերի կամ սարքերի կանխարգելումը։ 

Կարգավորվելու են փոքր ավիացիայի օդանավակայանների, ուղղաթիռային հարթակների անվտանգության պահանջները, ինչպես նաև մասնավոր օդաչուների ստուգումների ընթացակարգերը։

Օդանավակայաններում ներդրվելու են նորագույն անվտանգության տեխնոլոգիաներ՝ ներառյալ ուղեբեռի բազմաստիճան ստուգման համակարգեր։ 

Օդանավակայաններում և ավիացիայի հետ կապված կազմակերպություններում աշխատողները պարտադիր կանցնեն նախնական և պարբերական վերապատրաստում՝ ավիացիոն անվտանգության միջազգային պահանջներին համապատասխանելու համար։