
«Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսը Հայաստանում են
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հունվարի 29-31-ը Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների չորս կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ:
Երևանում աշխատանքներին ներգրավվել են գերմանական և իտալական ընկերությունները, որոնք պատասխանատու են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, քաղաքաշինական ռազմավարության մշակման և տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումների համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում գյուղատնտեսական կրթության ու գիտության զարգացման հեռանկարներին՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի Կյանքի մասին գիտությունների դպրոցի փորձի հիման վրա։ Նախատեսվում է աշխատաժողովներ իրականացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչների և ուսանողների հետ։
Բացի այդ, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության համալսարանների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձն ու տեխնիկական կրթության զարգացման տեսլականը Հայաստանում։
Հանդիպում է նախատեսվում նաև Հայաստանի ձեռներեցության և նորարարության էկոհամակարգի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացման հնարավորությունները։ Այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ գիտական կազմակերպությունների հետ, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում՝ ծրագրի հետագա իրականացման հարցերով։