
ԵՄ դիտորդները ևս երկու տարի կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում
Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը։ Դրանով ԵՄ-ի դիտորդները Հայաստանի սահմանամերձ շրջաններում կմնան ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Եվրամիության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող: Առաքելության դիտարկման գոտին տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի հատվածը։
Որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից: