
Ընդունվել է կենդանիների նկատմամբ դաժանության դեմ պայքարող նոր օրենքների նախագծերի փաթեթ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը շրջանառության մեջ են դրել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նշված նախագծերը նախատեսում են իրավական փոփոխություններ, որոնք կկարգավորեն կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի արձանագրման և քննության գործընթացները, ինչպես նաև օրենսդրական նոր մոտեցումներ կներդրվեն կենդանիների պաշտպանվածությունը և բարեկեցությունը ապահովելու նպատակով։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 41 դեպք:
41-ից 10 դեպքերի վարույթը կարճվել է, 3 գործ ուղարկվել է դատարան, 28-ով նախաքննությունը շարունակվում է: Արձանագրված դեպքերից հասարակական հնչեղություն ունեցող Արարատի մարզում (կատվին տանջամահ անելու վերաբերյալ) տեղի ունեցած դեպքին վերաբերող գործը: 2025 թվականի հունվարի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, — մանրամասնել է Արսեն Այվազյանը:
Մերի Գալստյանը նշել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման և քննության գործընթացներում խնդիրների մասին ահազանգում են ինչպես կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, այնպես էլ քաղաքացիները։ Նա հայտարարել է, որ կենդանու հանդեպ դաժանությունն ուղղակիորեն կապված է հանրային անվտանգության հետ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերից տանը կամ բակում շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները պարտադիր պետք է հաշվառվեն իրենց կենդանիներին։ Ծրագրի հիմնական նպատակներից է նաև քաղաքացիների մոտ կանխարգելել փողոցներում կենդանիներ թողնելու «սովորությունը»։