ՀայաստանՊատահար

Հանրապետության հրապարակում օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածած անձը ձերբակալվել է

Ազգային անվտանգության ծառայության հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ հրապարակում «Ղարաբաղ․․․Ղարաբաղ» վանկարկումներով տեսանյութը տարածող Ղ․Բ․-ի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու և քարոզելու համար։

Քննության ընթացքում պարզվել է, որ Ղ․ Բ․-ն իր կողմից վարվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ՝ դրան կցելով մեկնաբանություններ, որոնք, ըստ իրավապահների, խեղաթյուրել են իրականությունը և նպաստել հասարակական լարվածության սրմանը։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելը պատժվում է 3-ից 6 տարվա ազատազրկմամբ։