ՀայաստանՍպորտ

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում հայտնի են դահուկավազքում չեմպիոնները

Ջերմուկ քաղաքում մեկնարկել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Մի քանի մարզաձևերում պայքարը մեկնարկել է, դահուկավազքում էլ հայտնի են մեդալակիրների անունները։

Տղամարդկանց ազատ ոճի դահուկավազքում ոսկե մեդալակիր է դարձել Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից Միքայել Միքայելյանը։ Նա ներկայացնում էր Աշոցքը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Թադևոս Պողոսյանը։ Արծաթե և բրոնզե մեդալակիրները ևս Աշոցքից էին։

Կանանց ազատ ոճի մրցումներում հաղթող է ճանաչվել Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը (Աշոցք)։ Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից։

Համահայկական ձմեռային առաջին խաղերն անցկացվել էին 2014 թվականին։ 11 տարի անց Համայկական խաղերին մասնակցում է 1348 մարզիկ։ Նրանք ներկայացնում են 18 երկիր և 88 քաղաք։ 2014 թվականին կայացած առաջին խաղերին մասնակցել էր 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից։