ՀայաստանՔաղաքականություն

Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ կստեղծվի դիվանագիտական կապեր հաստատելուց շուրջ 1․5 տարի անց

Փետրվարի 3-ին Ազգային ժողովում կքննարկվի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ ստեղծելու որոշումը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2023-ի նոյեմբերի վերջին։ Արձանագրությունը ստորագրել են Կարեն Գրիգորյանն ու Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին Աբու Դաբիում։ Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

2024-ի հուլիսի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։

Օրերս էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ։ Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին։

2024 թվականին Հայաստան-Սաուդյան Արաբիա առևտրաշրջանառությունը կազմել է 3․3 մլն դոլար, որից 2․4 մլնը՝ ներմուծման, 900 հազար դոլարը արտահանման ցուցանիշն է։