ՀայաստանՍոցիալական

Վարձու աշխատողների եկամուտները կլրացվեն ավտոմատ կերպով, հայտարարագրողը պիտի ստուգի այն և հաստատի

Վարձու աշխատողների եկամուտները մեծ մասամբ ինքնաշխատ եղանակով են լրացվելու, եթե չունեն կողմնակի եկամուտներ։ Սրա մասին Ազգային ժողովում հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը մասնավորապես նշել է, որ ավտոմատ լրացվելու են հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձը, ուսման վարձի վերադարձը, շահաբաժինների դիմաց եկամտային հարկի վերադարձը, կուտակային կենսաթոշակի պետական հատկացումները, տաքսիների հարկման համակարգով ստացված եկամուտները,Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ ավանդներ, արժեթղթեր, վարկեր, փոխառություններ, ապահովագրական հատուցումներ և այլ եկամուտներ, նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության վճարումները, «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։

Հակոբյանը հավելել է, որ եկամուտների մեծ մասը ավտոմատ կերպով լրացվելու է, հայտարարագրողները միայն պիտի մտնեն, ստուգեն և հաստատեն եկամուտների մասին հայտարարագիրը։

Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1-ը, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում նշել էր, որ հայտարարագրման պարտադիր ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը։

Ժամկետի երկարաձգման պատճառը ID քարտերի հետ կապված հերթն է, որը մինչև հունիս ամիսն է։