
Ինտերնետ շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը:
Պատգամավորի հայտնած վիճակագրությունն ասում է, որ եթե 2010-ին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023-ին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի: Մինչդեռ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: 2010-ին 14 մլրդ դրամի շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 մլրդ դրամի հարկ կամ ծավալի 7.2 տոկոսը: 2023-ին 6.3 տրլն դրամ շրջանառությունից հավաքագրվել է 33 մլրդ դրամ հարկ կամ ծավալի 0.5 տոկոսը:
Սարգսյանի առաջարկած նախագիծը ոլորտի համար նախատեսում է նաև 10 տոկոս շրջանառության հարկ, ինչպես շատ երկրներում՝ Վրաստանում՝ 10 տոկոս, Ավստրիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5–20 տոկոս, Իտալիայում՝ 20–22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Ֆրանսիայում՝ 8–10 տոկոս և այլն:
Եթե նախագիծն ընդունվի, ապա շուրջ 100 մլրդ դրամ տարեկան ավել եկամուտ է ապահովվելու պետական բյուջե:
Կառավարությունը նախագծին կողմ է: Սակայն պատգամավորի խոսքով՝ քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարությունը նպատակահարմար չի համարել հարկերը բարձրացնելը, քանի որ վերջին տարիներին մշտապես բարձրացրել են հարկերը: