
Ոստիկանությունը հասանելիություն կունենա շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին
Այսուհետև ոստիկանությունը հնարավորություն կունենա Հայաստանի պետական և տեղական կառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղիներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ։ Սա նշանակում է, որ ոստկանություն հասանելիություն կունենա դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին։ Առցանց ռեժիմով տեսախցիկներին հետևելու հնարավորություն նույնպես նախատեսվում է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր իսկ նախագիծը։
Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը և մի շարք այլ հանցագործությունների աճը, անհրաժեշտություն է առաջացել հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար, — հայտարարել է Հայկ Սարգսյանը։
Նա նշել է, որ ոստիկանությունը հանցագործությունները հայտնաբերելու համար ոստիկանությունը հաճախ է օգտվում ավտոկայանատեղիների կամ խանութների արտաքին լուսանկարահանող սարքերից։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտություն է առաջանում մնախ թույլտվություն ստանալ սեփականատերերից, ինչը կարող է ժամանակատար լինել։ Նոր ծրագիրը նախատեսում է նպաստել հանցագործությունների, հետախուզվող կամ անհետ կորած անձանց, որոնվող ավտոմեքենաների, գողությունների արագ բացահայտմանը։
Նշենք նաև, որ սահմանային անցակետերի խցերում տեղադրված տեսախցիկներին նույնպես նախատեսվում է հասանելիություն սահմանել։ Մինչ այժմ այդ հնարավորությունը ունեցել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը։
Հիշեցնենք, որ նույնատիպ օրենսդրական առաջարկություն եղել էր նաև 2024 թվականին, որը այդպես էլ չընդունվեց։ Ըստ այդ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեին բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, 100քմ ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, 50 քմ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում և այլ վայրերում։