
ՊՊԾ զինծառայողները հատուցում կստանան կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար
Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստում հաստատվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների ծրագիրը։ Ըստ այդմ՝ Պետական Պահպանության Ծառայության աշխատակիցները նույնպես այսուհետև հատուցում կստանան կյանքին և առողջության պատճառված վնասների համար։
Այս փոփոխությունը բխում է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որի շրջանակում Պետական պահպանության ծառայությունը պետք է դառնա վարչապետին ենթակա առանձին մարմին՝ դուրս գալով Ազգային անվտանգության ծառայության համակարգից։ Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Մինչ այժմ գործող օրենքը սահմանում էր միայն պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգը։ Նոր օրենքով արդեն այն կտարածվի նաև Պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա։
ՊՊԾ-ն պատասխանատու է պետական նշանակության օբյեկտների, բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ հատուկ պահպանության կարիք ունեցող անձանց ու հաստատությունների անվտանգության ապահովման համար։