
Արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի տեղական․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպում է ունեցել մի շարք կաթնամթերք արտադրող գործարարների հետ, որոնց արտադրանքը ոչ միայն իրացվում է Հայաստանում, այլև արտահանվում է այլ երկրներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային շուկա, հատկապես՝ Ռուսաստան, կաթնամթերք արտահանելու հետ կապված առկա խնդիրներն ու մարտահրավերները, որոնք վերաբերում են թե՛ արտադրության որակի, թե՛ արտահանման կարգավորման հարցերին։ Հայաստանից արտահանվող կաթնամթերքի հիմնական տեսակներն են պանիրը, կարագն ու կաթնային յուղերը։
Մասնավորապես, կարևորվել է հումքի հետագծելիության համակարգի ներդրման կարևորությունը։ Այս համակարգի միջոցով կաթնամթերքի արտադրության գործընթացը պետք է լիովին վերահսկելի լինի, որպեսզի ապացուցվի, որ արտահանվող արտադրանքը պատրաստվել է բացառապես տեղական, բարձրորակ հումքից։
Չնայած Հայաստանը մեծ քանակությամբ կաթնամթերք է արտահանում տարբեր երկրներ, այնուամենայնիվ քիչ չեն նաև ներմուծվող կաթնամթերքի չափերը։ Այս ոլորտում հիմնականում առևտրաշրջանառություն կատարվում է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ռուսաստանում արգելվել է հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծումը, այնուհետև՝ հունիսի 15-ին կրկին թույլատրվել։ Պատճառը, ըստ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության «կողմերի բանակցությունների ու ստուգումների անբավարար արդյունքներն են»։